30/11/2011 12:11
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի անդամներին
Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը` Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ միայն Թբիլիսիում շուրջ 80 հազար ազգությամբ հայ է ապրում:
Նախագահ Սարգսյանը ներկաներին անմիջապես առաջարկեց քննարկել առկա խնդիրներն ու բարձրաձայնել հուզող հարցերը` հատուկ ընդգծելով, որ շատ լավ տեղյակ է այն ամենից, ինչը հետաքրքրում է վիրահայերին:
Հանդիպմանը քննարկվեցին տարբեր հարցեր, որոնք տեղավորվում են հայ-վրացական հարաբերությունների համատեքստում` տնտեսական ու գործարար համագործակցություն, մշակույթ ու Թբիլիսիի հայկական թատրոն, հեռահար ծրագրեր ու սոցիալական խնդիրներ…. Մի խոսքով, այն ամենը, ինչը հնարավորություն է ընձեռում էլ ավելի սերտացնել հայ-վրացական հարաբերությունները ու տանել դրանք դեպի զարգացում:
Թեև հարկ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչները, ողջունելով նախագահին, հիմնականում անդրադառնում էին այն բոլոր խնդիրներին, որոնք արդեն իսկ լուծում են ստացել ու արձանագրում այն առաջընթացը, որը նկատելի է լինում նախագահի ամեն այցից հետո:
Իր հերթին, հանրապետության նախագահն ընդգծեց, որ այսօր ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները, որոնք հնարավորություն են տալիս լիարժեք լուծել ծագող խնդիրները:
Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով: