01/12/2011 11:35
Արցախի նախագահը Արգենտինայում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին նոյեմբերի 30-ին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևորել է ՀՀ դեսպանատան և դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի կողմից տարվող աշխատանքը` ուղղված հարավամերիկյան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, Հայրենիք–Սփյուռք կապերի խորացմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանը և արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: