01/12/2011 16:01
Ֆրանսիայի Մարսել քաղաքում կբացվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին։
Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու են Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր, Լանգեդոկ- Ռուսիյոն,Միդի-Պիրենեյ տարածաշրջանները և Կորսիկան։
Հայաստանի և Ֆրանսայի բարեկամական սերտ հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումը առավել արդյունավետ կդարձնի Ֆրանսիայում հյուպատոսական ծառայությունների իրականացումը, կապահովի Հայաստանի ներկայությունը բարեկամ երկրի հարավ- արևելյան շրջաններում, ինչը կնպաստի նաև երկկողմ հարաբերությունների, հատկապես առևտրատնտեսական կապերի և զբոսաշրջության զարգացմանը։
Տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից: