01/12/2011 16:23
Մասնակցեց 161 և 46 դպրոցների վերանորոգման ծրագրի ավարտին
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և այլ պաշտոնյաներ ու հյուրեր մասնակցեցին Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանների թիվ 161 և 46 նախադպրոցական կրթական հաստատություններում Միջազգային օգնություն և զարգացում /IRD/ կազմակերպության կողմից խոհանոցների և սանհանգուցների վերանորոգման ծրագրի ավարտը նշանավորող միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
Այդ հաստատությունները կառուցվել են վաղ յոթանասնականներին և երբևէ չեն բարեկարգվել: IRD-ն եռամսյա ժամկետում իրականացրել է այս երկու վերանորոգման ծրագրերը՝ ԱՄՆ աջակցությամբ և ՎՕՍԲ կամ LDS Charities բարեգործական կազմակերպության համաֆինանսավորմամբ: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի մասնակցությունը հնարավորություն տվեց թիվ 161 մանկապարտեզի խոհանոցում տեղադրել մեծ վառարան: Վերանորոգման ծրագիրն անդրադարձել է կարևոր հիմնախնդրին և բարելավել երեխաների սննդային և սանիտարական հիգիենայի պայմանները: IRD-ն տրամադրել է նաև հագուստ, վերմակներ և դպրոցական պարագաներ:
1992 թվականից ի վեր ԱՄՆ պետդեպարտամենտը տարբեր ծրագրերի միջոցով տարածաշրջանին տրամադրել է մարդասիրական օգնություն՝ հայտնի «Աջակցությունը տալիս է հույս» /ԱՏՀ/ ծրագրի շրջանակներում: Առ այսօր, ԱՏՀ ծրագրի շրջանակներում շուրջ 405 միլիոն դոլար արժողության աջակցություն է հասել Հայաստան՝ ի նպաստ կարիքավոր բնակչության՝ ծերերի, հաշմանդամների, երեխաների, երկրաշարժից տուժածների և այլոց: