01/12/2011 15:28
Սերժ Սմեսով. «Եվրամիությունն ուշի-ուշով կհետևի ընտրություներին»
«Հարևանության քաղաքականության մեջ առանցքային հարցերից մեկը Եվրամիության գործընկեր երկրների նկատմամբ տարբերակված մոտեցումն է. այսինքն՝ այն երկրները, որոնք ավելի շատ բարեփոխումներ կկատարեն, այնքան շատ օգնություն կստանան Եվրամիությունից։ Այս առումով Եվրամիության կողմից կարևորվում է Հայաստանի ապագա խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Դրանք Եվրամիության ուշադրության կենտրոնում կլինեն. մենք ուշի-ուշով կհետևենք այդ ընտրություներին»,- Եվրոպական Հարևանության քաղաքականությունը՝ համագործակցություն հանուն բարգավաճման, կայունության և անվտանգության, տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնությունները» խորագրով համաժողովում ընդգծեց ԵՄ փորձագետ, Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը։
Նա նշեց նաև, որ վստահ է, որ Եվրամիության նոր, հատուկ ներկայացուցիչն իր մանդատի շրջանակներում կարևոր մասնակցություն կբերի Հարավային Կովկասի կայունությանը և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը։
Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Ս.Սմեսովն ասաց, որ Եվրամիությունը պատրաստ է նպաստելու Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, օգնելու, որ հակամարտող կողմերը փոխզիջումային տարբերակ գտնեն։ «Եվրամիությունը պատրաստ է նպաստելու Մինսկի խմբի ջանքերին»,- ընդգծեց Ս. Սմեսովը։