01/12/2011 10:06
Կանայք` կանանց աչքերով. այսօր կմեկնարկի «Կին» կինոփառատոնը
Կանայք` կանանց խնդիրների, հասարակության մեջ ունեցած դերի ու ձգտումների մասին` կինոյի լեզվով: Այսօր Երևանի Տիկնիկային թատրոնում կմեկնարկի ավանդական դարձած «Կին» միջազգային 8-րդ կինոփառատոնը, որի նպատակը կինոյի միջոցով կանանց խնդիրների լուսաբանումն է և նոր հենակետի ձևավորումը, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանն ու փոխըմբռնմանը:
Ինչպես «Aysor»-ի թղթակցին հայտնեց փառատոնի կազմակերպիչ, «Լիզա» հիմնադրամի տնօրեն Մարիամ Օհանյանը, փառատոնին ներկայացված է կին ռեժիսորների կողմից ստեղծված 52 ֆիլմ` 16 երկրներից:
Մ. Օհանյանի տեղեկացմամբ` «ԿԻՆ» փառատոնի շրջանակներում այս տարի առաջին անգամ կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներ Դեբրա Ցիմերմանը և Թրեյսի Հոլդերը:
Բացի մրցութային ֆիլմերից, փառատոնը հագեցած կլինի ռետրոսպեկտիվ ցուցադրումներով, որոնց թվում է նաև Գերմանիայի «goEAST» միջազգային կինոփառատոնի ուսանողական մրցույթի ընտրանին, որը կներկայացնի ժյուրիի անդամ Անդրեա Վինկը: Ի դեպ, փառատոնի ծրագրում տեղ են գտել հայտնի լիտվացի վավերագրող Յանինա Լապինսկայտեի ֆիլմերը:
Փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», «Լավագույն դեբյուտ» մրցանակները և դիպլոմներ: Նշենք, որ 2004թ-ին հիմնադրված «Կին» միջազգային 8-րդ կինոփառատոնն անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության, ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանատների ու Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ: