02/12/2011 16:06
Արցախի Նախագահը Ուրուգվայում է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Մոնտեվիդեո քաղաքում այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատ և հանդիպել պալատի խոսնակ Լուիս Լակալյեի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Մարիա Էլենա Լաուրնագայի, ներկայացուցիչների պալատի և Սենատի մի խումբ անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ուրուգվայ կապերի զարգացմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվային հայ ժողովրդին մշտապես սատարելու համար` հավելելով, որ մեր ժողովուրդը երբեք չի մոռանա, որ հենց այդ պետությունն է առաջինը աշխարհում պաշտոնապես ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի անկախության ուղիներն ունեն շատ նմանություններ, ինչը ավելի է մերձեցնում մեր երկրները:
Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է խաղաղ կարգավորմանը, ինչը սակայն ամենեւին էլ Արցախի թուլության կամ անցյալին վերադառնալու հնարավորության նշան չէ:
Երկուստեք նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման շահագրգրվածության մասին: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ուրուգվայի հետ կապերի սերտացումը դրականորեն կազդի ինչպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, այնպես էլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վրա:
Հանդիպումից հետո երկրի ղեկավարը Ուրուգվայի պատգամավորների հետ հարգանքի տուրք է մատուցել այդ պետության ազգային հերոս Խոսե Արտիգասի շիրիմին:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նույն օրը ԼՂՀ պատվիրակությունը վերադարձել է Բուենոս Այրես: