02/12/2011 16:11
Բակո Սահակյանն այցելել է Արգենտինայի խորհրդարան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արգենտինայի խորհրդարան և հանդիպել պատգամավորների պալատի առաջին փոխխոսնակ Օսկար Ագուադիի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասովի և մի խումբ պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արգենտինան հայ ժողովրդի համար բարեկամական երկիր է, և Արցախը շահագրգռված է տարբեր ոլորտներում նրա հետ կապերի զարգացման ու խորացման մեջ: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արգենտինային 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման համար` հավելելով, որ դա մեծ քաղաքական և բարոյական հաղթանակ էր ողջ քաղաքակիրթ մարդկության համար:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրին` Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության չկարգավորված լինելու հիմնական պատճառը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է, ինչը հանդիսանում է ահաբեկչության դրսևորումներից մեկը:
Արգենտինացի խորհրդարանականները կարևորել են ԼՂՀ նախագահի հետ հանդիպումը և ընդգծել, որ տեղյակ են Արցախում պետականաշինության գործընթացի մասին` բարձր գնահատելով հատկապես ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ մեր հանրապետության ձեռքբերումները:
Երկուստեք նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման և այս ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: