02/12/2011 14:48
Թատերագետները վստահեցրին` վաղվա թատրոնը փրկված է
Բացահայտել երիտասարդ ռեժիսորներին, իրենց բեմադրությունները ներկայացնելու հարթակ տրամադրել և արհեստավարժ ու ամուր հող ստեղծել վաղվա թատրոնի համար: Այս նպատակով էր արդեն 6-րդ անգամ` նոյեմբերի 23-30-ն անցկացվում Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնած Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Այսօր, ամփոփելով փառատոնը, ՀԹԳՄ քարտուղար, թատերագետ Լևոն Մութաֆյանն արձանագրեց` այս տարին եզակի էր մի քանի պատճառներով: Նրա խոսքերով` առաջին անգամ երիտասարդ ռեժիսորների կողմից գիտակցված էր այն մոտեցումը, որ բեմում գլխավորը նորին մեծություն դերասանն է:
«Մեր այն մտավախությունը, թե հայկական ռեժիսուրան տարանջատված է համաշխարհային թատերական աշխարհից, փարատվեց: Այս փառատոնը հերքեց նաև այն կարծիքները, թե հայ ռեժիսորական միտքը նեղ ներհանրապետական ընկալումների մեջ է: Ո’չ, մենք տեսանք բաց պատուհան` դեպի Եվրոպա»:
Փառատոնը ոչ միայն բացահայտեց վաղվա ռեժիսորներին, այլև լավատեսության լույս սփռեց վաղվա թատերական ապագայի վրա: Այս կարծիքն իր համար ձևավորեց ՀԹԳՄ քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը` փառատոնի օրերին նկատելով մի կարևոր երևույթ` տարբեր ժանրերի բոլոր ներկայացումներին միավորում էր պրոֆեսիոնալիզմը.
«Խոսում ենք լուրջ որակի մասին: Փառատոնից կարելի է հետևություն անել, որ մեր երիտասարդությունը ոչ միայն տիրապետում է թատերական ձևաչափին, այլ նաև գիտի աշխատել դերասանի հետ»:
Թատերագետները, սակայն, դրականի կողքին նկատեցին նաև ցավալին: Լևոն Մութաֆյանը նշեց, որ 21-րդ դարի հայ ռեժիսորների ներկայացումներում բացակայում էր հայկականը: Այդ բացը լրացնելու համար, նրա խոքերով, հետագայում խնդիր է դրվելու` անդրադառնալ նաև հայ դրամատուրգիային:
Հիշեցնենք, որ փառատոնի օրերին թատերասեր հանրության դատին հանձնվեցին Գոռ Մարգարյանի `«Լյուսիեն Լյուկ», Զարուհի Անտոնյանի` «Թևավորը», Իրա Հարությունյանի` «Գայլն ու յոթ ուլիկները», Լիլիթ Մելիքյանի` «Մահը թակում է դուռը», Գոհար Փոքրիկյանի` «Ուրիշ մարդը», Հենրի Քոչարյանի` «Զգուշացե’ք, կանայք են» և Սամսոն Մովսիսյանի` «Քիթը» բեմադրությունները: