02/12/2011 12:47
Ալ. Թորաձեն կնվագի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի համար
Աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն դեկտեմբերի 4-ին միայն մեկ համերգով ելույթ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգը նվիրված է Սպիտակի երկրաշարժի զոհերին հիշատակին:
Ռոմանտիզմի դարաշրջանի կոմպոզիտորների գործերի յուրատիպ մեկնաբանմամբ հայտնի Թորաձեն վերջին անգամ Հայաստանում համերգով հանդես է եկել 28 տարի առաջ, թեև, ինչպես ինքը պատմեց, Հայաստանում լինում է հաճախ:
«Տպավորություններն ու հիշողություններն անջնջելի են այնքան, որ չեմ կարողանում վերհիշել առանց արցունքների»,-ասաց երաժիշտը և հիշեց, թե ինչպես տարիներ առաջ Սևանում է եղել, իր խոսքերով, աներևակայելի կոմպոզիտոր ու դաշնակահար Առնո Բաբաջանյանի հետ, որտեղ Բաբաջանյանը ռեստորան բերված ռոյալի վրա նվագել է իր «Վեց պատկերը»:
«1963թ-ից ենք Հայաստան գալիս, կարելի է ասել ես և իմ քույրը Հայաստանում ենք մեծացել: Հիմա էլ, այսքան տարիներ անց այդ ամենն աչքերիս առաջ է»,-հիշեց դաշնակահարը:
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը նշեց, որ Թորաձեն հայ հանդիսատեսին իր երաժշտությունը նվիրելու դիմաց ոչինչ չի պահանջել` համերգը բարեգործական է:
Նրա խոսքերով` անձամբ դաշնակահարն է ցանկություն հայտնել համերգը նվիրել երկրաշարժի զոհերի հիշատակին.
«Ալեքսանդրը երկրաշարժի օրերին բոլոր այն ակտիվ արվեստագետների առաջին շարքերում էր, ովքեր իրենց աջակցություն էին բերել Հայաստան` երկրաշարժից տուժածներին»:
Դեկտեմբերի 4-ին Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի հետ /դիրիժոր` Կարեն Դուրգարյան/ Ալ. Թորաձեն կկատարի Պրոկոֆևի N3 և Շոստակովիչի N2 դաշնամուրի և նվագախմբի համար կոնցերտները:
Նշենք, որ հանրահռչակ երաժիշտը ծնվել է Թբիլիսիում, ավարտել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան և ստացել պրոֆեսորի կոչում: 1983թ-ին Ալ. Թորաձեն բնակվում է ԱՄՆ-ում: