03/12/2011 11:35
Բ.Սահակյանը Բուենոս Այրես քաղաքում հանդես է եկել դասախոսությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ Բուենոս Այրես քաղաքում այցելել է Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհուրդ (CARI), որտեղ հանդես է եկել դասախոսությամբ:
Երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախ-Արգենտինա փոխհարաբերություններին, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացին, մեր հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամ՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ Լատինական Ամերիկան էական հետաքրքրություն է ներկայացնում ԼՂՀ արտաքին քաղաքականության համար, ինչը պայմանավորված է ինչպես այստեղ հայկական խոշոր գաղութների ու պատմական հայրենիքի հետ նրանց ամուր կապերի առկայությամբ, այնպես էլ համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ այդ երկրների դերակատարության շարունակական բարձրացմամբ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս համատեքստում առանձնակի նշանակություն ունի Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացումը, որին Արցախը ընդունում է որպես բարեկամական և եղբայրական երկիր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Հանրապետությանը` հայ ժողովրդի ու մեր հայրենակիցների հանդեպ ունեցած վերաբերմունքի համար: Այն պետությունը, որը հնարավորություն է տվել Մեծ եղեռնից և հալածանքներից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին այստեղ գտնել իրենց նոր հայրենիքը և միաժամանակ չմոռանալ պատմականը, արժանի է ամենաբարձր գնահատանքի:
Խոսելով հիմնախնդրի նախապատմության մասին` երկրի ղեկավարը նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ծագել է 1918 թվականին, երբ Օսմանյան Թուրքիայի անմիջական միջամտությամբ Անդրկովկասում ստեղծվել է Ադրբեջան անունով պետություն, որը մինչ այդ պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել և ստեղծվելուց հետո տարածքային պահանջներ է ներկայացրել բոլոր հարևան երկրներին` Օսմանյան կայսրության հետ ցամաքային սահման ունենալու և պանթուրքական տիրություն ստեղծելու նպատակով:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և անմիջական երկխոսության միջոցով լուծմանը: Նախագահը շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը մեր ժողովրդի համար բացառիկ արժեքներ են և ենթակա չեն սակարկության: Բանակցային գործընթացի ամենամեծ խոչընդոտը Նախագահը համարել է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը և այնտեղ պետական ամենաբարձր մակարդակով տարվող ծայրահեղական ու ռազմատենչ հակահայկական քաղաքականությունը:
Այնուհետև Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների հարցերին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Արգենինայում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքական և վերլուծական շրջանակների ներկայացուցիչներ: