03/12/2011 10:54
Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական մեքենաները կտեղաշարժվեն
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլիի հանձնարարականով այսօրվանից Վերին Լարսի անցակետում գտնվող հայ բեռնափոխադրողների բեռնատար մեքենաները հայկական կողմի տրամադրած հատուկ ծանրաքարշ մեքենաների օգնությամբ սկսել են տեղաշարժվել: Այս մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Ռամազ Նիկոլայիշվիլին:
Նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Վերին Լարսի անցակետում առատ ձյան և բքի պատճառով մնացած մեքենաներն ամբողջությամբ կտեղափոխվեն առաջիկայում` նշված ճանապարհի խնդիրների լուծման համար հայ-վրացական համատեղ ձեռնարկության ստեղծումից հետո, որի նպատակով այս պահին Վրաստանում ընթանում են քննարկումներ` հայ և վրացի մասնագետների միջև:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո, որը պարբերաբար հաղորդվում է նախարարության կողմից, և այդ ինֆորմացիան տեղադրվում նախարարության պաշտոնական կայքէջում: