05/12/2011 10:05
«Բաբաջանյան ֆեստ» փառատոնի երրորդ համերգն` այսօր
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը Երևանում անցկացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի «Բաբաջանյան ֆեստ» փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 ամյակին:
Այսօր երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի երրորդ համերգը: Համերգին կհնչեն Հ. Մանուկյանի «Սկիզբ և շարժում դաշնամուրի համար», Է. Սադոյանի «Սոնատ ջութակի և թավջութակի համար», Ա. Ղազարյանի «Հինգ ծրագրային պիես երկու կլարնետի համար» և Արզաս Ոսկանյանի «Երգ ու պար երկու ալտի համար» ստեղծագործությունները: Կատարումներով հանդես կգա նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը` ղեկավարությամբ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի:
Նշենք, որ «Բաբաջանյան ֆեստ» փառատոնի բացման համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, իսկ առաջիկա համերգները նախանշված են դեկտեմբերի 11-ին` Առնո Բաբաջանյանի, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահներում: Կազմակերպիչներն անակնկալներով և անմոռանալի տպավորություններով հարուստ երեկո են խոստանում դեկտեմբերի 19-ին` փառատոնի փակմանը, որի ժամանակ կհնչեն միայն Առնո Բաբաջանյանի հայտնի ու սիրված երգերը: