05/12/2011 18:44
ԱՐԱՐԱՏ-ի Նաիրի կոնյակը ստացել է Գրան Պրի մրցանակը
Մոսկվայում կայացած 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 20 տարվա հնեցման Նաիրի կոնյակը ստացել է Գրան Պրի մրցանակը և արժանացել ոսկե մեդալի:
Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 115 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 15 երկրներից` այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: Այս մասին հայտնում են գործարանի մամուլի ծառայությունից ու հիշեցնում, որ այս տարվա ընթացքում Նաիրի կոնյակին շնորհված արդեն իսկ երկրորդ մրցանակն է սա: Ավելի վաղ` փետրվարի 12 -13-ը Մոլդովայում կայացած Գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթում Նաիրի կոնյակն արժանացել է ոսկե մեդալի:
ԱՐԱՐԱՏ տեսականու Նաիրի կոնյակը (20 տարի հնեցման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Նաիրի կոնյակն ունի 29 ոսկե և մեկ արծաթե մեդալ:
Հավելենք նաև, որ 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մրցույթի արդյուքներով ԱՐԱՐԱՏ-ը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն ապրանքանիշ» անվանակարգում: