06/12/2011 10:00
Այսօր հիշատակում են հայ առաջին քրիստոնյա Աբգար թագավորին
Ըստ ավանդության` Սբ. Աբգարը Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է` պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի և հույն Պրոկոպիոս, Եվսեբիոս պատմիչները:
Թագավորը Եդեսիա քաղաքը կառուցել է այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի գետաբերանը հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքն ու բոլոր կուռքերը:
Այս թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապելուց է եղել չարաչար ցավերով: Պատասխան թղթում ասվել է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ադդե մետաքսագործին: Հիսուս Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում:
Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին` որպես Աստվածորդու և Փրկչի: Աբգարը մահացել է հավանաբար Ա դարի առաջին կեսին: