06/12/2011 12:48
Իրանում ընկած անօդաչուն` ԱՄՆ-ի ԿՀՎ-ինն է
Իրանում ոչնչացված ամերիկյան անօդաչուն պատկանել է Կենտրոնական հետախուզական վարչությանը: Այս մասին տեղեկացնում է «NBC» հեռուստաընկերությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձնաց:
Հեռուստաընկերության աղբյուրը նշում է, թե «RQ-170 Sentinel» տեսակի անօդաչուն, որն հայտնվել է իրանցի զինվորականների ձեռքում, գաղտնի առաքելություն է իրականացրել Աֆղանստանում կամ Իրանում: Ինչպես նշվում է, սարքն, ամենայն հավանականությամբ, դուրս է եկել ամերիկացի հետախույզների վերահսկողությունից, խորացել է Իրանի տարածքում, այնուհետև վառելիքի սպառման արդյունքում ընկել է երկրի արևելյան մասում գտնվող լեռնային հատվածում: ԿՀՎ-ում հերքել են նաև իրանական կողմի այն վարկածը, թե անօդաչուն ոչնչացվել է տեղի զինվորականների կողմից:
Ամերիկացի փորձագետները մտահոգություն են հայտնել, թե անօդաչուի հետ մեկտեղ իրանցի զինվորականների մոտ կարող են հայտնվել սարքի գաղտնի տեխնոլոգիաները, այդ թվում դիտարկման տեսախցիկները, անտեսանելիությունն ապահովող տեխնոլոգիան, ինչպես նաև տարաբնույթ ցուցիչներ:
Նշվում է, թե նման անօդաչու սարք ամերիկացիներն օգտագործել են նաև Պակիստանում, երբ դիտարկում է իրականացվել «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենի առանձնատան նկատմամբ:
Հիշեցնենք, իրանական լրատվամիջոցները ամերիկյան անօդաչուի հայտնաբերման մասին տեղեկատվությունը տարածել էին կիրակի օրը: