08/12/2011 16:29
Բացվեց «Երջանիկ ընտանիք» լուսանկարների ցուցահանդեսը
Երջանիկ դեմքեր և ընտանեկան պատմություններ` գոնե լուսանկարներում: Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ` «Կանանց նկատմամբ իրականացվող բռնության դեմ պայքար» ակցիայի շրջանակներում այսօր Նկարիչների միության առաջին հարկի սրահում բացվեց «Երջանիկ ընտանիք» խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:
Ցուցահանդեսին ներկայացված պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքներում երջանիկ ընտանիքի պատկերն է` յուրօրինակ մոտեցմամբ և պատկերացմամբ, իսկ լուսանկարների կողքին` թեժ գծին դիմած մի քանի կնոջ պատմություններ զետեղված կանացի սիլուետներ:
Իր ողջույնի խոսքում կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նկատեց, որ ցուցահանդեսի նպատակը կին այցելուներին իրենց ընտրության իրավունքի մասին իրազեկելն է և ցույց տալը, որ զոհի կարգավիճակում մնալու փոխարեն կարող են պայքարել ու ստեղծել իրենց երջանիկ ընտանիքը. «Հայաստանում կանանց դեմ իրականացվող բռնությունների բաց քննարկումը տալիս է իր արդյունքը և տարեցտարի թեժ գծին դիմող կանանց թիվը մեծանում է»:
Մինչև վաղը արվեստագետներից և Մշակույթի նախարարության ներկայացուցիչներից կազմված ժյուրին ցուցադրված ավելի քան 70 նկարներից կընտրի լավագույն 3-ը, որոնց հեղինակները կարժանանան դրամական պարգևների: Ցուցահանդեսը կփակվի վաղը` ժամը 18-ին: