08/12/2011 10:37
Սերժ Սարգսյան. Թուրքիան պետք է ապաշխարհի` հանուն թուրք ժողովրդի
Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, և այդ բանը պետք է անի ի շահ իր ժողովրդի: Դեկտեմբեր 7-ին մարսելահայության հետ հանդիպման ընթացքում նման մոտեցում է արտահայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ օրինակ բերելով Գերմանիային:
«Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարհի: Դա ոչ նախապայման է, և ոչ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերաարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ: Մեր դիրքորոշումը չի փոխվել և այն հստակ է՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին»,- ասել է հանրապետության ղեկավարն ու նշել. «Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած մեղքը, ծնկի իջավ Վարշավայի գետտոյում: Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպականին հարիր լինելու ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է՝ վաղ: Բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում: Դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը արեց հանուն գերմանացի ժողովրդի»: