09/12/2011 10:30
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ
Լոնդոնում ընթացող «Դասական շախմատ» խոշոր մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Մագնուս Կառլսենի հետ: Օգտվելով դրանից` մրցաշարային աղյուսակում նորվեգացի շախմատիստին շրջանցեց Հիկարու Նակամուրան, ով, պարտության մատնելով Հոուելին, վաստակեց 10 միավոր և այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաշվետու տուրում Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց Շորտին, իսկ Վլադիմիր Կրամնիկը` Ադամսին:
Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող Կառլսենն իր ակտիվում 9 միավոր ունի: Նրանից 1-ական միավորով են հետ մնում Մակշեյնն ու Կրամնիկը: Արոնյանը վաստակել է 5 միավոր և ընթանում է 5-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունի նաև Անանդը: Շորտը 3 միավորով հանգրվանել է 7-րդ տեղում, իսկ Ադամսն ու Հոուելը 2-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը կխաղա Ադամսի հետ: