09/12/2011 12:47
Ժողովրդավարության առումով Հայաստանը մեկ քայլ առա՞ջ է ՌԴ-ից
Քաղաքական իրադարձությունները պատճենահանել անհնար է: Այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՌԴ խորհրդարանական ընտրություններին և դրանց հնարավոր անդրադաձին Հայաստանի և ՀՀ-ում սպասվելիք ընտրություններին, նման դիրքորոշում հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա նշեց, որ որևէ ողբերգություն չկա՝ ՌԴ իրադարձություններն այս կերպ են զարգացել: «Մեր երկրի ղեկավարը մեր առջև արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու խնդիր է դրել, և մենք հնարավոր ամեն բան կանենք, որ այդ սպասումներն արդարանան»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Մ. Մինասյանն ընդգծեց, թե Հայաստանում իրավիճակն ու գործընթացն այլ է, ժողովրդավարության առումով, ըստ ՀՀԿ պատգամավորի, Հայաստանը մեկ քայլ առաջ է: Նա հայտնեց, որ ՀՀԿ-ն վստահ է իր ուժերի վրա:
Ասուլիսին մասնակից ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ նշեց, թե ՌԴ-ում անցումային շրջան է և դա չի կարող չազդել տարածաշրջանի երկների և ինչու չէ` Հայաստանի վրա:
Ըստ ԱԺ անկախ պատգամավորի, առաջիկայում սպասվում են կտրուկ քաղաքական զարգացումներ. «Իրավիճակը խաղարկային է և հնարավոր են ամեն տեսակի զարգացումներ»: