09/12/2011 10:37
ԱՄՆ ՄԶԳ-Ն տոնում է իր 50-ամյակը
Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և այլ հյուրեր նշեցին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հիմնադրման 50-րդ ամյակը:
Իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման նշեց. «Վերջին քսան տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատել է հայաստանցիների հետ`կառավարության հաշետվողականության և թափանցիկության խթանման, գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև երկիրը տարածաշրջանային և միջազգային առումով ավելի մրցունակ դարձնելու ուղղությամբ: Մեր ծրագրերը Հայաստանին օգնել են բարելավել հիմնական հանրային ծառայությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսին են ջրային պաշարներն ու էներգետիկան, առավել լավ ուղիներ մշակել խոցելի բնակչությանը սոցիալական ծառայությունների տրամադրման համար և բարեփոխել առողջության առաջնային պահպանման ծառայությունները»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայության փոխանցմամբ, 1961 թվականի նոյեմբերի 3-ին ԱՄՆ Նախագահ Ջոն Ֆ. Քենեդին հիմնադրեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ)` որպես այլ երկրներին երկարաժամկետ տնտեսական և սոցիալական զարգացման օժանդակության տրամադրող առաջին գործակալություն: Այսօր ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցները աշխատում են ավելի քան 110 երկրներում:
Գործակալության օժանդակության ծրագրերը Հայաստանում սկսվեցին 1980-ականների վերջին` 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անհապաղ կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնությամբ: Որպես այս օժանդակության մաս 6800-ից ավել ընտանիքների տրամադրվեցին բնակարաններ երկրաշարժից տուժած Շիրակում և Լոռիում, իսկ 120 տարածք մաքրվեց` հետագա հանրային օգտագործման համար: Այդ ժամանակներից ի վեր Առաքելությունը կենտրոնացել է երկրի երկարաժամկետ զարգացման շուրջ և սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության, մասնավոր բիզնեսների, հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ Կառավարության այլ գործակալությունների և միջազգային դոնոր կազմակերպությնների հետ` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, տնտեսական աճն ու տարածաշրջանային ինտեգրացումը խթանելու նպատակով:
Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում իրականացնում է շուրջ 30 ծրագիր ժողովրդավարական կառավարման, տնտեսական աճի, սոցիալական պաշտպանության, առողջապահության և հայ-թուրքական միջսահմանային հարաբերությունների ոլորտում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Առաքելությունը տրամադրել է ավելի քան 1,3 միլիարդ դոլարի օժանդակություն` Հայաստանի ժաղովրդի բարեկեցությանն ուղղված զարգացման ծրագրերի միջոցով: