10/12/2011 10:40
Բ. Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ անկախության հանրաքվեի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի կյանքում հիշարժան օր է, որը նշանավորվում է միանգամից երկու պատմական իրադարձություններով:
1991 թվականին այդ օրը արցախցիները մեկ մարդու պես գնացին համաժողովրդական հանրաքվեի` իրենց ձայնը տալով հօգուտ ազատ ու անկախ պետության, և ձեռնամուխ եղան դրա կերտման չափազանց բարդ ու դժվարին գործին: Անցած 20 տարիները եկան ապացուցելու, որ այդ ընտրությունը ճիշտ էր ու արդարացի:
Դեկտեմբերի 10-ը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքի` Սահմանադրության օրն է, որն արդեն հինգ տարեկան է: Այն դարձավ ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի հետագա զարգացման ու առաջընթացի հիմնական ուղենիշը:
Եվ պատահական չէ, որ Արցախի համար բեկումնային ու վճռորոշ այդ հանրաքվեները տեղի ունեցան Մարդու իրավունքների պաշտպանության օրը, որովհետև մեր պայքարի հիմքում ընկած էր հենց արդարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրինական շահերի պաշտպանության գաղափարը: Օրենքի գերակայությունը, Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների պաշտպանությունը Արցախի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է: Դա է մեր վերջնական հաղթանակի միակ ուղին, դա է համազգային նպատակների իրականացման գրավականը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին երկտոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության շարունակական ամրապնդման ճանապարհին»: