13/12/2011 14:35
Էդ.Շարմազանով.«Թուրքիան նման է անգիր արած աշակերտի»
«Պատահական չէ, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը Ալիև-ավագի անձի պաշտամունքի միջոցառմանը, դասն անգիր արած, սակայն առարկայից ոչինչ չհասկացող աշակերտի պես կրկնել է ազերպրոպի լեգենդները 1 մլն փախստականների և օկուպացված տարածքների մասին»,- մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Չեմիլ Չիչեքի հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ վերջինս մասնավորապես ասել է. «Մեր առաջնահերթություններից մեկն ադրբեջանական օկուպացված հողերի և հարյուր հազարավոր փախստականների՝ հայրենի հողեր վերադարձն է»:
«Միայն այդպես կարելի է բնութագրել Չեմիլ Չիչեքի խոսքերը օկուպացիայի կամ մեկ մլն փախստականների վերաբերյալ: Ի՞նչ աստիճանի ցինիզմ պետք է ունենա խոսելու օկուպացիայի մասին մի երկրի ներկայացուցիչ, որը մի քանի տասնամյակ շարունակ զավթել է այլ՝ ԵՄ անդամ, երկրի տարածք»,- ասաց Է. Շարմազանովը:
Ըստ պատգամավորի՝ մարդկության դեմ ոճրի ժխտողականությունը պետական քաղաքականություն դարձրած երկրի խորհրդարանի ղեկավարը ինչպիսի՞ լուրջ խնդիրներ պետք է ունենա բարոյականության հետ, որպեսզի խոսի Խոջալուի դեպքերից, դեռ ավելին մեղադրի հայկական կողմից այդ զոհերի համար:
«Հայաստանի վերաբերյալ կեղծ հայտարարություններ անելու համար որպես հարթակ Ադրբեջանում բռնապետական հասարակարգի հիմնադիր, անձի պաշտամունքի ավանդույթների հիմնադիր Հեյդար Ալիևի հիշատակի միջոցառումն օգտագործելը վկայում է թուրքական իշխանությունների անսկզբունքայնության և փաստերը խեղաթյուրելու մոլուցքի մասին»,- եզրափակեց նա: