14/12/2011 16:42
Հայփոստից խոշոր գումարներ յուրացնողը գրավով ազատ է արձակվել
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում շարունակվում է Վանաձոր քաղաքի փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների և նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժնից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2011թ. դեկտեմբերի 12-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ 2015 փոստային բաժանմունքի պետ Մ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա մեղադրվում է յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 մլն. դրամ հափշտակելու մեջ:
Նախաքննության ընթացքում Մ. Գևորգյանը ամբողջությամբ վերականգնել է «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառված գույքային վնասը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և Մ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Միաժամանակ դատարանը բավարարել է նաև Մ. Գևորգյանի պաշտպանի` դատարան ներկայացրած միջնորդությունը, և կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով: