15/12/2011 10:41
Բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը
Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 14-ին Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել ցուցահանդեսի կազմակերպմանը, այդ թվում՝ Իտալիայի Հանրապետության իշխանություններին, Վենետիկի տեղական իշխանությունների ղեկավարներին, բոլոր պետական պաշտոնյաներին և դիվանագիտական աշխատողներին, ցուցադրված մասունքները սրբորեն պահպանողներին և, իհարկե, աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկին՝ «Կոռեր» թանգարանին, այս մեծ և կարևոր գործն իրականացնելու համար:
Ցուցահանդեսից հետո Նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկո տաճար, ունկնդրել հայ հոգևոր երաժշտության համերգ:
Ավելի ուշ Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք, որին մասնակցել են «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ: