17/12/2011 12:14
«Անկարգությունները ճնշված են, քաղաքում իրավիճակը հանգիստ է»
Ղազախստանի ՆԳ նախարար Կալմուհանբեթ Կասիմովը հայտարարել է, որ Ժանաոզենում իրավիճակը նորմալացել է, անկարգությունները ճնշված են։ Ոստիկանության տվյալներով՝ մոտ 70 մարդ, ովքեր կասկածվում են անկարգություններին մասնակցելու մեջ, ձերբակալված են։
«Անկարգությունները ճնշված են, քաղաքում իրավիճակը հանգիստ է», հրապարակում ոչ ոք չկա»,- ասել է Կասիմովը։
Նախարարի խոսքերով՝ անկարգությունների արդյունքում 10 մարդ է զոհվել, 75 հոգի` տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց։ Ծանր վնասվածքներով հիվանդանոցում են գտնվում նաև անվտանգության ծառայության 6 աշխատակիցներ։
Ղազախստանի տարածքում անջատված է Twitter-ը, փակված են բոլոր անկախ լրատվամիջոցներն ու կայքերը, Ժանաոզենում անջատված է նաև հեռախոսակապը։
Նշենք, որ ուրբաթ երեկոյան Ղազախստանի իշխանությունները հատուկ ջոկատներ և զրահատեխնիկա են մտցրել Ժանաոզեն՝ ճնշելու այնտեղ սկսված անկարգությունները, որոնք սկիզբ էին առել նավթագազային համակարգի աշխատակիցների բողոքի ցույցով, ովքեր դժգոհ էին իրենց ցածր աշխատավարձից։