19/12/2011 17:47
ՀՀ Նախագահ մասնակցել է ԵվրԱզԷՍ միջպետական խորհրդի նիստին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Երկրների ղեկավարների գագաթաժողովը մեկնարկել է նեղ կազմով հանդիպումով, որից հետո կայացել է ընդլայնված կազմով նիստը:
Ինչպես հաղորդում է Aysor-ի թղթակիցը, հանդիպմանը, բացի ՀՀ Նախագահից, մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի նախագահները: Ի դեպ, Ղրղզստանի նորընտիր նախագահ Ալմազ Աթամբաևն առաջին անգամ է մասնակցում նման հանդիպման:
Այսօրվա հանդիպման օրակարգում ներառված են եղել մի շարք հարցեր, որոնք ուղղված են ԵվրԱզԷՍ-ի գործունեությունը բարելավելուն: Հանդիպման արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես ԵվրԱզԷՍ-ի դատարանի հիմնման, ինչպես նաև` միասնական տնտեսական տարածության ստեղծման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի: Կազմակերպության լիիրավ անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: Կազմակերպության անդամներից երեքը՝ Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանն, իրենց հերթին, ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում հիմնել են, այսպես կոչված, «եռյակի» մաքսային միություն, որի հիման վրա մտադիր են 2015 թվականին ստեղծել Եվրասիական տնտեսական միություն: