20/12/2011 19:44
Բ. Սահակյանն այցելել է «Էստետ» ոսկերչական տուն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր Մոսկվա քաղաքում այցելել է «Էստետ» ոսկերչական տուն, ծանոթացել ոսկերչական գործարանի աշխատանքային գործընթացին և հանդիպել կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանի հետ: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է այս ոլորտի զարգացման մեջ և ակնկալում է «Էստետ» ոսկերչական տան ակտիվ մասնակցությունն այս գործում: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հսկայական ներուժ, փորձ և լայն միջազգային կապեր ունեցող այս կազմակերպության աջակցությունը նոր որակ կհաղորդի մեր հանրապետությունում ոսկերչական գործին:
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում ոսկերչական դպրոցի հիմնադրմանը, ինչը ոլորտի զարգացման առաջնային նախապայմաններից մեկն է: