20/12/2011 17:39
Ս. Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Aysor-ի թղթակցի փոխանցմամբ՝ գագաթաժողովը նվիրված է ԱՊՀ կազմավորման 20-րդ հոբելյանին: Այս առթիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից նախօրեին նաև ընդունելություն է մատուցվել:
Գագաթաժողովին մասնակցում են ԱՊՀ անդամ բոլոր երկրների ղեկավարները` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև (Ադրբեջան), Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուս), Նուսուլթան Նազարբաև (Ղազախստան), Ալմազբեկ Աթամբաև (Ղրղզստան), Մարիան Լուպու (Մոլդովա), Դմիտրի Մեդվեդև (Ռուսաստան), Էմոմալի Ռահմոն (Տաջիկստան), Իսլամ Քարիմով (Ուզբեկստան), Վիկտոր Յանուկովիչ (Ուկրաինա): Մոսկվա չի այցելել միայն Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը. Թուրքմենստանը մոսկովյան գագաթաժողովում ներկայացրել է փոխվարչապետ Նազարկուլի Շագուլիևը:
ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ կապված ԱՊՀ դիտորդական առաքելությունների գործունեության, ինչպես նաև` ԱՊՀ տարածքում տնտեսական համագործակցության հետ: Բացի այդ, երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում է եղել մարդկանց կյանքում ու բարեկեցության հարցում ԱՊՀ կիրառական նշանակությունը մեծացնելու հարցը:
Գագաթաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ գործադիր կոմիտեի՝ կապի և տեղեկատվության ոլորտը որպես 2012 թ. ընթացքում ԱՊՀ շրջանակներում համագործակցության առանցքային թեմա ընտրելու մասին առաջարկությունը: