20/12/2011 12:01
Թուրքիայում դրական են վերաբերվում հարաբերությունների բարելավմանը
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Անկարայում մասնակցել է տարածաշրջանային զարգացումներին նվիրված գիտաժողովին, որի շրջանակում Անկարայի միջին արևելքի համալսարանների պրոֆեսորների ներկայությամբ հանդես է եկել դասախոսությամբ:
Նա տեղեկացրեց, որ գիտաժողովում հիմնականում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և դրանց ազդեցությունը Հայաստան-Թուրքիա հնարավոր երկխոսության և հարաբերությունների բարելավման վրա:
«Թուրքիայում մեծ հետաքրքրություն կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հանդեպ: Բարեբախտաբար, Թուրքիայում կան առաջադեմ մտածողներ, ովքեր ևս հակված են երկկողմ հարաբերությունների բարելավմանը»,- ասաց նա և ավելացրեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 2012-ին գիաժողովը շարունակել Հայաստանում:
Նա նաև նշեց, որ չնայած արձանագրությունները սառեցված են, սակայն երկու կողմի գիտնականները պատրաստակամ են շարունակել լոբբինգը կառավարության ներկայացուցիչների շրջանում և շարունակական դարձնել գործընթացը:
Մանասերյանի խոսքերով՝ Թուրքիայում, հատկապես գիտական շրջանակում, շատ ավելի դրական վերաբերմունք կա երկկողմ հարաբերությունների բարելավմանը:
Ի դեպ, ինչպես ասաց Թ. Մանասերյանը, գիտաժողովն անցել է բավական բարդ մթնոլորտում, քանի որ Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է միայն նա: