21/12/2011 11:59
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում մենք միասին անցել ենք բուռն փորձություններով և մարտահրավերներով լի ճանապարհ: Ձեր կատարած աշխատանքը մեծապես նպաստել է հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ տարբեր ուղղություններով»,- ասել է վարչապետը:
Իոաննիս Կորինթիոսը շնորհակալություն է հայտնել Կառավարության ղեկավարին՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար:
Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա զարգացման և գործարար կապերի սերտացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը: Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2006 թվականին:
Տիգրան Սարգսյանը դեսպանի միջոցով իր ջերմ ողջույններն է հղել Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսին և մաղթել նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ: Տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից: