24/12/2011 12:15
Համերգ` ի պաշտպանություն Նարեգ Հարթունյանի
Այսօր Նարեկացի արվեստի միությունում կկայանա դուդուկահար Արսեն Պետրոսյանի համերգը: Այս մասին Aysor-ին հայտնեցին Նարեկացի արվեստի միությունից:
Նշվեց, որ Արսեն Պետրոսյանը Նարեկացի ժողնվագարանների համույթի մենակատարն է և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, սովորում է հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի դասարանում: Արսեն Պետրոսյանին նվագակցելու են Ստյոպա Սարգսյանը` դհոլ, Նարեկ Մնացականյանը` դամ, Նարեգացի ժողնվագարանների համույթը, գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյան:
Ծրագրում նախպատեսված է ժողովրդական, աշուղական, պարային մեղեդիներ, հնչելու է նաև Կոմիտաս:
Նարեկացի արվեստի միությունից հայտնեցին, որ միջոցառումը անցկացվում է ի պաշտպանություն Նարեգ Հարթունյանի. նա ևս ներկա կլինի համերգին:
Հիշեցնենք.
«Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով խոշոր չափի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ 2011թ. հունիսի 20-ին ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Նարեգ Կարապետի Հարթունյանը, հանդիսանալով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր Գարաբեդ Հարթունյանի որդին, ղեկավարել է հիշյալ ընկերության գործունեությունը և այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:
Դեկտեմբերի 13-ի երեկոյան «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը, որը անազատության մեջ էր դեկտեմբերի 9-ից, ազատ է արձակվել: Բանն այն է, որ քննիչ Ռաֆիկ Մկրտչյանը փոխել է իր որոշումը, և նրա հետ միասին ազատ են արձակվել նաև «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերության կազմակերպչական գծով փոխտնօրեն Անի Մնացականյանն ու գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը: Նարեգ Հարթունյանը համոզված է, որ այն հարկային ակտը, որ ներկայացվել է այս գործում, անհիմն է. «Աբսուրդ է, մեր ընտանիքը, որը միլիոնների ներդում է կատարել, հարկերից երբեք չի խուսափել։ Եթե արդարաբար գործը քննվի, արդար վճիռ կայացվի, ապացուցվի, որ մենք գումար պետք է վճարենք, մենք սիրով կվճարենք այդ գումարները։ Այն, ինչ տեղի ունեցավ՝ կարգադրված էր»,- ասել է Ն. Հարթունյանը՝ ընդգծելով, որ հետպնդումների նպատակն այն է, որ ինքը հանձնվի. «որպեսզի հափշտակեն իմ անշարժ գույքն ու ունեցվածքը»։