24/12/2011 13:42
Քրդերը Թուրքիայում բարձրացրել են Հայոց Ցեղասպանության հարցը
«Թուրքիայում խորհրադարանական ընտրությունների արդյունքում այս տարի քրդերը ավելի շատ են ներկայացված Թուրքիայի խորհրդարանում և իրենք ընտրություններից հետո մինչև այս պահը մի քանի անգամ խորհրդարանում բարձրացրել են Հայոց ցեղասպանության հարցը, ինչը չլսված բան է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով 2011թ.-ին հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված զարգացումները ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքերով, քրդերը օգտագործում էին Հայոց Ցեղասպանության փաստը հարվածելու ընդդիմադիր և իշխանամետ կուսակցություններին Թուրքիայի խորհրդարանում:
«Մենք ունենք ևս մեկ ժամանակավոր կամ երկարաժամկետ գործընկեր Թուրքիայի խորհրդարանում` ի դեմս քրդերի»,-ընդգծեց թուրքագետը:
Ա. Շաքարյանը 2011թ.-ի կարևոր իրադարձություն համարեց նաև Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Սուրբ Կիրակոս եկեղեցու բացումը, որն արվեց քրդերի օգնությամբ, իսկ թուրքական իշխանությունները չխոչընդոտեցին դրան:
Նա նկատեց, որ այդ հայկական եկեղեցու բացումից կշահեն նաև քրդերը` կզարգանա տուրիզմը, բացի այդ քրդերը դրանով ցույց են տալիս թուրքերին, որ սա թուրքական հող չէ, այլ այստեղ ապրել են հայերը:
Թուրքագետը նշեց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած 306-րդ բանաձևը, որը վերաբերվում է Թուրքիայում դավանանքի ազատության, քրիստոնեական եկեղեցիների վիճակին, կարևոր հարված էր Թուրքիային, սակայն Շաքարյանը շեշտեց, որ այդ բանաձևը օրենքի ուժ չունի Թուրքիայի համար, այլ այն ուղղակի բարոյախրատական ուղերձ է թուրքական իշխանություններին և ԱՄՆ-ը դրանով ցույց է տալիս, որ հետագա թուրքական կամակորությունների դեպքում ինչ լծակներ կօգտագործի:
Նա հավելեց, որ այդ բանաձևով ամերիկացիները փաստորեն նախապատրաստում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա` 2012թ.-ի փետրվարին: