26/12/2011 12:20
«Մեր նախնիները Նոր տարին շնորհավորել են մեղրով»
Այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Նոր տարվա սեղանին մատուցվող կերակուրների խոհրդից և նշեց, որ նոր տարվա ուտեստը տոնի բովանդակության հետ կապ ունի:
Ազգագրագետը նշեց, որ հայկական ավանդական մտածողությամբ հատիկավոր ու պատիճավոր ուտելիքն է կարևորվում սեղանի վրա` լոբի, սիսեռ, որոնցով պատրաստված ուտելիքները կյանքի շարունակականության հիմնական խորհրդանիշներ էին և կապ ունեին կյանքի շրջապտույտի հետ:
«Հավերժության, կյանքի շարունակականության հիմնական խորհրդանիշներն էին դրվում սեղանին»,- շեշտեց Հրանուշ Խառատյանը և փաստեց, որ սկզբնապես ընդունված չի եղել սեղանին դնել մսեղեն, ընդունված էր մեղրով շնորհավորել իրար, որպեսզի կյանքը քաղցր լինի:
Հնում ընդունված սովորույթներից, ազգագրագետը նշեց, աջ ոտքով տուն մտնելը, դատարկ ձեռքոց հյուր չգնալը. «Պետք է դատարկ ամաններ հիմնականում չլինեին, հնոտին թափված լիներ, այսինքն` հրաժեշտ տային հնին ու հաջորդ տարի մտնեին ֆիզիկապես ու հոգեպես մաքուր` մաքուր մարմին, մաքուր միջավայր»:
Հ. Խառատյանը նշեց, որ հայկական հին նոր տարին ձմեռ պապ չի ունեցել: Դա ամանորյա ծիսաշարում նոր երևույթ է ու կարող է ձեռք բերել նոր դրսևորումներ: Կրոնական տոնացույցները մի քանի անգամ փոփոխվել են, հետևաբար փոխվել է նաև Նոր տարվա սկիզբը:
Արևելահայերը հունվարի 1-ը որպես նոր տարվա սկիզբ սկսել են նշել միայն 20-րդ դարից, ավելի կոնկրետ` հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: