26/12/2011 11:14
Նիգերիայում Ծննդյան տոներին եկեղեցիներ են պայթեցվել
Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում Ծննդյան տոներին նվիրված ծիսակատարությունների ժամանակ ահաբեկչական գործողություն է իրականացվել Սուրբ Թերեզա եկեղեցում: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, պայթյուներ են տեղի ունեցել նաև Ջոս և Հադակա քաղաքների եկեղեցիներում: Տարբեր տեղեկությունների համաձայն, ընդհանուր առմամբ, պայթյուններին զոհ է գնացել 25 մարդ, տասնյակից ավելին ստացել են մարմնական վնասվածքներ:
Ահաբեկչական գործողությունները դիտարկվում են վերջին ամիսներին երկրի քրիստոնեական ու մուսուլմանական համայնքների միջև սրված հարաբերությունների համատեքստում: Նշվում է, թե միջկրոնական հակասություններն այդ երկում սրվել են այն բանից հետո, երբ Նիգերիայի նախագահ էր ընտրվել քրիստոնյա Գուդկալ Ջոնաթանը: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը, որն իրականացրած բռնություններով աչքի էր ընկել սույն թվական օգոստոսին ևս, երբ Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում պայթուցիկ էր տեղադրվել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Այդ ժամանակ ահաբեկչական գործողության զոհ էր դարձել 24 մարդ: