27/12/2011 14:21
Հայաստանի հավաքականը միավորը կիսեց Ռուսաստանի ընտրանու հետ
Թուրքիայի Մարդին քաղաքում այսօր աշխարհի շախմատի կանանց թիմային առաջնության վերջին տուրի օրն է: Հայաստանի հավաքականն արդեն ավարտել է ելույթները: Վերջին տուրում մեր ընտրանին 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հավաքականի հետ: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Տատյանա Կոսինցևայի, Լիլիթ Մկրտչյանը` Ալեքսանդրա Կոստենյուկի, Լիլիթ Գալոյանը` Վալենտինա Գունինայի, իսկ Նելլի Աղինյանը` Նատալյա Պոգոնինայի հետ:
Պարզ է, որ մրցաշարային ամփոփիչ աղյուսակում Հայաստանի հավաքականը չի կարող հասնել 5-րդ տեղում հանգրվանած Վրաստանի թիմին, որի մրցակիցն այսօր Թուրքիայի ընտրանին է: Վրացուհիներն այս տուրից առաջ արդեն 10 միավոր ունեն, և եթե նույնիսկ պարտություն կրեն, ինչը, իհարկե, ֆանտաստիկայի ժանրին է պատկանում, կմնան նույն տեղում: Իսկ Հայաստանի հավաքականին, որը վերջնարդյունքում 9 միավոր ունի, կարող է շրջանցել միայն Վիետնամի թիմը: Վերջինս դրա համար, իհարկե, դեռ պետք է հաղթի Ուկրաինայի ընտրանուն: