28/12/2011 13:51
«Բնիկ ժողովուրդների շարժումը կարող է բերել Ադրբեջանի մասնատմանը»
«Ստեղծվելու է Կոմիտե, որն օգնելու է ադրբեջանական բանակից փախած բնիկ ժողովուրդների զինվորներին, որոնք կանցնեն հայկական սահմանը, և այդ Կոմիտեի մեջ լինելու են Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, իսկ ազգությամբ հայ լինելու եմ միայն ես»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքերով, սա այն շարժումն է լինելու, որ դժվար կանխատեսելի հետևանքներ կբերի Ադրբեջանի համար:
«Այդ բնիկ ժողովուրդների շարժումը կարող է բերել Ադրբեջանի մասնատմանը, այսինքն` հյուսիսում լեզգիների տարածքը, հարավում` թալիշների, հյուսիս-արևելքում` ավարների տարածքը և այլն»,-ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:
Ըստ բանախոսի, Ադրբեջանը բնիկ ժողովուրդներին բռնի կերպով ձուլելու քաղաքականությունից չի կարող հրաժարվել, քանի որ այդ դեպքում այն կֆեդերալիզացվի:
Նա ասաց, որ եթե Ադրբեջանը չպակասեցնի այդ բռնի ձուլման քաղաքականությունը, ապա այդ ժողովուրդների մոտ կառաջանա պոռթկում, ընդվզում, ապստամբում և դա կբերի բոլոր այն գործընթացներին, որ տեղի են ունեցել ժամանակին Արցախի տարածքում:
Քաղաքագետը նշեց, որ բնիկ ժողովուրդներն Ադրբեջանում շատ ավելի մեծաքանակ են, քան 1988թ.-ին եղել են հայերը` Ադրբեջանում:
Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ լեզգիները և ավարներն ունեն լուրջ հենարան Դաղստանում, իսկ մոտ 4 միլիոն թալիշներ ապրում են Իրանում, բացի այդ ունեն բնական դաշնակից` ի դեմս հայերի:
Բանախոսը հավելեց, որ մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանում մենք ունենք դարավոր հարևաններ` ի դեմս բնիկ ժողովուրդների, հնարավոր դաշնակիցներ, և որոնց հետ մենք պետք է աշխատենք և լինենք նրանց հետ անկեղծ: