07/01/2012 12:03
Թատրոններում ամանորի հեքիաթները պատրաստ են
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերից թատերական աշխարհում կտրուկ ժանրային փոփոխություն է սկսվում: Գրեթե բոլոր թատրոններում սկսվում են ամանորյա հեքիաթ-ներկայացումների փորձերը:
Փոքրիկները վիշապի տարում կարող են դիտել հետևյալ պատմություններով ու հերոսներով ներկայացումները:
Այսպես` Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 24-ից հունվարի 10-ը երեխաներն ականատեսը կարող են լինել արքայազն Անրիի և ճշմարիտ արքայադուստր Հենրիետայի զարմանահրաշ պատմությանը:
Ամանորյա հեքիաթ-պիեսը` Շեքսպիրի «12-րդ գիշեր» գործի հիման վրա, գրել և բեմադրում է Գրիգոր Խաչատրյանը, ում խոսքերով, ներկայացումն էապես տարբերվելու է ավանդական ամանորյա ներկայացումներից և հետաքրքրելու է նաև մեծահասակ հանդիսականին:
Ամանորյա հեքիաթի դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Գագիկ Մկրտչյանը, Լիդիա Գրիգորյանը, Վահագն Գալստյանը, Լուսինե Հարությունյանը և Լուսին Վարդանյանը:
Տիկնիկային թատրոնի թատերախումբը 2012 թ-ի տիրակալ վիշապին գոհացնում է «Այս տարվա հրաշքը և բարի վիշապը» հեքիաթ-ներկայացմամբ, որը երեխաներին թատրոն կհրավիրի հունվարի 3-15-ը:
Ինչպես Aysor-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Տիկնիկային թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Արփիկ Մուրադյանը, ներկայացումը բաղկացած է 2 մասից: Առաջին հատվածի գործողությունները ծավալվելու են նախասրահում, որտեղ երեխաները կենդանի շփման մեջ են լինելու Ձմեռ պապի, Ձյունանուշի և դերասանների հետ, իսկ երկրորդ մասը շարունակվելու է դահլիճում` տիկնիկային ներկայացմամբ:
Դե իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում արդեն ամեն ինչ պատրաստ է` թե’ դեկորացիները, թե’ զգեստները. պատրաստվում են Հովհ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի բեմականացմանը: Մեզ հետ զրույցում թատրոնի տնօրեն Երվանդ Ղազանչյանը տեղեկացրեց, որ մինչև հունվարի 9-ը` ամեն օր, այն կներկայացվի թատերասեր մեծերին ու փոքրերին: Տոմսերն արժեն 600 դրամ: