30/01/2012 13:02
Հայոց բանակի զինվորը ռեկորդ է սահմանել
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը սահմանել է արտակորման նոր ռեկորդ՝ հաղթահարելով անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին կատարած նույն վարժության սեփական ռեկորդը: Նա 4 ժամ 35 րոպեում կատարել է 7550 արտակորում (անցյալ տարի կատարել էր 6500 արտակորում):
Ռեկորդը գրանցել է Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ սերժանտ Միքայելյանի սահմանած ռեկորդը կգրանցվի նախ Հայաստանի ռեկորդների գրքում՝ «Դյուցազնագրքում», ապա սահմանված ռեկորդի տեսանյութը կուղարկվի Լոնդոն` Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին՝ հայ մարզիկ-զինվորի ռեկորդը գրանցելու համար:
Թովմասյանը նաև նշել է, որ նման ռեկորդ աշխարհում դեռ ոչ ոք չի սահմանել: Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ով արդեն 8 ամիս է` ծառայում է ՀՀ զինված ուժերում, մտադիր է մինչև ծառայության ավարտը արտակորում վարժության ռեկորդը հասցնել 10000-ի: