09/02/2012 16:38
Ամարյան. Հայաստանում կա 300-350 հազար աղանդավոր
Մեր երկրում ապրող աղանդավորների թվի վերաբերյալ Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության» ՀԿ նախագահ Ալեքասնդ Ամարյանի ունեցած ամենաթարմ վիճակագրությունը արվել է 2007 թ., ըստ որի Հայաստանում կա 300-350 հազար աղանդավոր: Այս թիվը, ըստ նրա, այսբերգի միայն երևացող մասն է. «Աղանդները ներթափանցեցին 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո, երբ հոգևոր դաշտը դատարկվել էր: Աղանդավորական կառույցների թիվը այդ ժամանակ 2-ն էր, հիմա պաշտոնապես գրանցված է նման 67 կազմակերպություն, և մոտ 2 այդքան էլ ընդհատակում է գործում»,- ասաց նա:
Ա. Ամարյանի կազմակերպությունը հենց նման կառույցների քայքայիչ գործունեության կանխարգելման և տուժածների օգնությամբ է զբաղվում: Ինքը աղանդների ուսումնասիրությամբ զբաղվում է 1980-ական թթ., բայց մինչ այսօր որևէ էական տեղաշարժ չի նկատել:
ՀՀ կառավարության ազգային փոքրամասնություների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը ստեղծված իրավիճակի մեղավոր համարում է ոչ միայն իշխանություներին: «Եղել են կրոնական հիմք ունեցող հանցագործություններ, սակայն տվյալ գործը հասունացած չի եղել, և մարդիկ էլ վճռական ու հետևողական չեն եղել: Միայն լրատվամիջոցներն են պարբերաբար աղմուկ բարձրացրել, բայց հասարակության կողմից այդ ընթացքում որևէ նախաձեռնություն չի եղել»,- ասում է Վ. Ասցատրյանը:
Նշենք, որ անցյալ տարի Ազգային անվտանգության խորհրդի կողմից ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը եվրոպացի մասնագետների հետ զբաղվում էր աղանդավորական շարժումների նկատմամբ ռազմավարության նախագծի մշակմամբ, սակայն մինչ այսօր այդ հանձնաժողովի կողմից որևէ գործունեություն չի իրականացվել: