22/02/2012 10:41
Արթուր Աբրահամը կմենամարտի Պյոտր Վիլշևսկու հետ
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում: Հաստատված է նաև Աբրահամի մրցակցի անունը` EBU-ի վարկածով նախկին չեմպիոն, 33-ամյա լեհ Պյոտր Վիլշևսկի: Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Ինչպես միշտ, մարտական եմ տրամադրված: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ»,- նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով միջինքաշային կարգում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։