
24/02/2012 11:11
Քոֆի Անանը նշանակվել է Սիրիայի հարցով հատուկ բանագնաց
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սիրիայի հարցով հատուկ բանագնաց է նշանակել կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրեսս» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, Բան Կի Մունի և Քոֆի Անանի համատեղ հայտարարությունում ասված է, թե նոր ներկայացուցիչը գործադրելու է անհրաժեշտ ջանքեր «բռնություններին վերջ տալու, մարդու իրավունքների պաշտպանությանը հետևելու, ինչպես նաև սիրիական ճգնաժամը խաղաղ կարգավորելու» հարցում:
Նշենք, որ այսօր Թունիսում կայանալու է «Սիրիայի բարեկամներ» ոչ ֆորմալ համաժողովը, որին մասնակցելու են Արաբական պետությունների լիգայի անդամները, եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև Միացյալ Նահանգները: Հանդիպմանը չեն մասնակցելու ՌԴ-ի և Չինաստանի ներկայացուցիչները: