01/03/2012 15:00
«Ադրբեջանի սպառազինման գործընթացն ուղղված է Իրանի դեմ»
«Ադրբեջանի և Իսրայելի շահերի համընկնում կա Իրանի հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Արաբագետն ասաց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իսրայելը սկսեց ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել` հետխորհրդային տարածքի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման նպատակով:
Նրա խոսքերով, այս տասնամյակների ընթացքում բուռն զարգացում են ապրում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները:
«Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են նաև ռազմական ոլորտում և վերջին պայմանագիրը Ադրբեջանի և Իսրայելի կարելի է դիտարկել այդ համատեքստում»,-ընդգծեց Պետրոսյանը:
Արաբագետը նշեց, որ Իրանն այդ գործարքի կնքումը դիտարկում է իր դեմ ուղղված քայլ:
Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին Ադրբեջանի կողմից Իսրայելից մեծ քանակությամբ զենք գնելը չէր կարող ուղղված լինել Արցախի դեմ. «Անկախ նրանից, թե Ադրբեջանը Իսրայելից կգներ այդ 1,6 միլիարդ դոլարի զենքը, նա շարունակում է ակտիվորեն զինվել»:
Ա.Հովհաննիսյանն ասաց, որ դեռևս հստակեցված չէ, թե այդ գործարքն ում դեմ է ուղղված լինելու և հնարավոր է, որ այդ գումարներով Իսրայելն Ադրբեջանում ինչ-որ ռազմաբազաներ կառուցի, որոնք ուղղված կլինեն Իրանի դեմ:
Ռազմական փորձագետի խոսքերով, ադրբեջանա-իսրայելական այդ պայմանագրում ամրագրված հակաօդային պաշտպանության միջոցների, անօդաչու թռչող սարքերի գնումով Ադրբեջանը նպատակ չունի դրանք օգտագործել Ղարաբաղում, քանի որ ադրբեջանական կողմն այդ զինատեսակների պակաս չուներ, որ այդ քանակությամբ զենքեր գներ և, Հովհաննիսյանի կարծիքով, այդ սպառազինման գործընթացն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ: