13/03/2012 12:26
Հայ շախմատիստուհիները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում շարունակվող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Հայրապետյանը հաղթանակներ տոնեցին՝ համապատասխանաբար առավելության հասնելով Սալոմե Մելիայի, Զոյա Սչլեյնինգի և թրքուհի Էմել Քայայի նկատմամբ: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին ադրբեջանցի Թուրքան Մամեդյարովայի և Նատալիա Ժուկովայի հետ:
Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմիրա Սկրիպչենկոն պարտության մատնեց Անաստասիա Բոդնարուկին, իսկ Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Նելլի Ալեքսանյանը միավորը կիսեց Լիլիա Դրլևիչի հետ:
Այսպիսով՝ հաշվետու տուրից հետո Էլինա Դանիելյանը 7 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ առաջատարին՝ Աննա Մուզիչուկին զիջելով 1,5 միավորով, իսկ մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերում ընթացող Վալենտինա Գունինայից ու Տատյանա Կոսինցևայից հետ է մնում ընդամենը կես միավորով: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան 6-ական միավորով հանգրվանել են 24-րդ և 28-րդ տեղերում: Ալմիրա Սկրիպչենկոն վաստակել է 5,5 (41-րդ տեղ), Լիլիթ Գալոյանը՝ 5 (57), Աննա Հայրապետյանը՝ 4 (82), Նելլի Ալեքսանյանը՝ 3,5 (88) միավոր:
Այսօր կայանալիք 11-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Մարի Սեբագի (Ֆրանսիա), Լիլիթ Մկրտչյանը՝ Բաիրա Կովանովայի (Ռուսաստան), Մարիա Կուրսովան՝ Սալոմե Մելիայի (Վրաստան), Լիլիթ Գալոյանը՝ Մարինա Մակրոպուլուի (Հունաստան), Աննա Հայրապետյանը՝ Բուսրա Արիգի (Թուրքիա), Նելլի Ալեքսանյանը՝ Նարմին Սոյունլուի (Ադրբեջան) հետ: