05/04/2012 13:41
«Ադրբեջանցիներն այն տրամադրությունը չունեն, ինչ քարոզում է Ալիևը»
«Ադրբեջանի քաղաքական էլիտան պատանդ է մեկ մարդու կլանի ձեռքին։ Պետական քարոզչությունը միտված է պաշտպանելու այդ մեկ մարդու կլանի շահերը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթի լիագումար նիստի տպավորություններից` ասաց հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Ալիևի ելույթը, ինչպես նաև իրենց շփումները սովորական ադրբեջանցիների հետ փաստում են մի բան, որ Ադրբեջանում տարվում է ապակատեղեկատվություն տարածելու քաղաքականություն, որը մեկ մարդու քաղաքականությունն է։
«Մարդիկ բացարձակապես այն տրամադրությունը չունեն, ինչ-որ քարոզում ու ներկայացնում է Իհլամ Ալիևը»,- ասաց Ն. Զոհրաբյանը։
Անդրադառնալով Ալիևի ճառի թեմային, պատգամավորը նշեց, որ նիստին մասնակից եվրոպացիներն ուղղակի ապշած են Ալիևի «անդաստիարակ ու անտակտ ելույթով»։
«Սակայն, չնայած դրան, նրանցից ոչ մեկը համարձակություն չունեցավ այդ մասին բարձրաձայնել Եվրանեսթի ամբիոնից»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը։