23/04/2012 12:27
Քրիստինե Հարությունյանը նույնպես կմեկնի Լոնդոն
Սոչի քաղաքում անցկացված Ռուսաստանի ատլետիկայի առաջնության նետորդների մրցաշարը հաջողություն բերեց գյումրեցի մարզուհի Քրիստինե Հարությունյանին: Նա նիզակը նետեց 59 մետր 12 սանտիմետր, 12 սմ-ով գերազանցեց պահանջվող ցուցանիշը և արժանացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի:
Քրիստինե Հարությունյանը Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան մարզադպրոցի սան է, 21 տարեկան, պարապում է մարզիչներ Յաշա Եղիազարյանի և Իվան Սաֆոնովի ղեկավարությամբ:
Այսպիսով՝ Հայաստանը օլիմպիական խաղերի ատլետների մրցումներում կներկայացնեն գյումրեցի նիզականետորդներ Մելիք Ջանոյանը և Քրիստինե Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ավելացնենք, որ Հայաստանն առայժմ ունի օլիմպիական 18 ուղեգիր: