25/04/2012 17:13
«Ասորի ժողովրդի 1915-ի անմեղ զոհերի հիշատակին նվիրված» հուշարձան
Երևանի Մոսկովյան և Նալբանդյան խաչմերուկին հարող տարածքում քիչ առաջ բացվեց «Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված» հուշարձան: Մինչև հուշարձանի բացումը, ասորական Արևելյան եկեղեցու քահանա Իսխակ Թամրազը արամերենով կատարեց հոգեհանգստյան արարողություն:
Նշենք, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը, բացի հայերի կոտորածից, ջարդեր էին կազմակերպել նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
Հայաստանի ասորական միության նախագահ Արսեն Միխայելովն իր խոսքում ասաց, որ այս հուշարձանը ևս մեկ անգամ ապացուցում է` չի մոռացվել այն ցավը, որ թուրքերի պատճառով ապրել են հայերը, ասորիները, հույները: «Բոլորս միասին պետք է պահանջատեր լինենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու հատուցի այն կորուստները, որ պատճառել է ազգերին»,- ասաց նա:
Ա. Միխայելովը հայտնեց, որ հուշարձանի կանգնեցման գործում իր մեծ աջակցություն է ունեցել ՀՀ իշխանությունները` ի դեմս երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ով ասաց, որ թեև աշխարհը փաստացի ընդունել է Ցեղասպանությունը, սակայն քաղաքական շահերը ժողովրդավարությունից ավելի բարձր է գնահատում: Նա համոզվածություն հայտնեց, որ մի օր բոլորն էլ կբարձրաձայնեն այդ մասին:
«Հայաստանի հողը ձեզ ոչ թե հյուրընկալել է, այլ սա նաև ձեր հայրենիքն է: Հայ ժողովուրդն ընդունում է ձեզ, մենք երբեք չենք մտածում, որ տարբեր ժողովուրդներ ենք, որովհետև մեր ճակատագիրը նույնն է»,- դիմելով ներկա ասորիներին` ասաց Գ. Սահակյանը:
Նշենք, որ հուշարձանի բացմանը ներկա էին նաև տարբեր երկրներից ժամանած ասորի հյուրեր: Հուշարձանի ճարտարապետը Հանիբալ Ալխազն է: