
09/05/2012 09:55
ԱՄՆ-ը շարունակելու է Բաշար Ասադի վարչակարգի տապալման գործընթացը
ԱՄՆ-ը շարունակելու է Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալման գործընթացը` չտեսնելով դրանում հակասություն ԱՊԼ-ի և ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի հետ: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:
«Նախագիծը նախատեսում է քաղաքական անցում դեպի ժողովրդավարություն, իսկ դրա արդյունքը պետք է դառնա կառավարության փոփոխությունը, այդ պատճառով մենք չենք տեսնում որևէ հակասություն»,- հայտարարել է Ս. Ռայսը:
Նա նշել է, որ թեև Քոֆի Անանը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Սիրիայում բռնության մակարդակը նվազել է, սակայն սիրիական կառավարությունը մեղավոր է նրանում, որ չի կատարել հատուկ բանագնացի վեց կետից բաղկացած նախագծի ոչ մի կետ:
Սիրիայում, Ռայսի խոսքերով, անթույլատրելի չափերով շարունակվում են բռնությունները, և ԱՄՆ-ն ուժեղացնելու է ճնշումներն ընդդեմ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի:
«Գլխավորն այն է, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են կրակել սեփական ժողովրդի վրա, և դա տևում է մեկ տարի, ինչը դրդել է մարդկանց զինվել և պաշտպանվել»,- ասել է նա և հավելել, որ նման իրավիճակից կարող են օգտվել ծայրահեղականները, որոնց ձգտումները կապ չունեն խաղաղ ցուցարարների հետ: