18/05/2012 19:42
Օլիմպիական կրակը երեկոյան կհասնի Մեծ Բրիտանիա` հատուկ չվերթով
Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում մայիսի 17-ին Հունաստանի ԱՕԿ-ը օլիմպիական կրակը փոխանցեց «Լոնդոն – 2012»-ի կազմակերպիչներին: Հատուկ չվերթով այսօր երեկոյան ջահը կհասցվի Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության ռազմածովային ուժերի ավիացիոն բազա: Մայիսի 19-ին զինծառայողները փրկարարական ուղղաթիռով կրակը կտանեն փոխանցավազքի մեկնարկակետ` Լիզարդ թերակղզի և կսկսվի ջահի 70-օրյա «շրջագայությունը» Անգլիայի տարածքով և Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինով: Լոնդոնի օլիմպիական մարզադաշտի ջահը հունական հին Օլիմպոսում բռնկված կրակով կբոցավառվի խաղերի բացման օրը` հուլիսի 27 –ին:
Ջահը ալյումինե եռանկյունաձև խողովակ է, որի վրա կա ութ հազար անցք: Այս թիվը խորհրդանշում է ջահակիրների քանակը: Փաստորեն` փոխանցավազքին կմասնակցի 8000 մարդ: Ջահի երկարությունը 80 սանտիմետր է, քաշը` 800գրամ և այն ամենաթեթևն է օլիմպիական խաղերի պատմության ընթացքում: Ալյումինե այդ եռանկյունին նաև նշում է լոնդոնյան խաղերի քանակը` թվով 3: Այդ թիվը նաև ներկայացնում է օլիմպիական երեք արժեք` հարգանք, առավելություն և բարեկամություն: Խաղերը բովանդակում և միավորում են 3 ոլորտ` սպորտ, կրթություն, մշակույթ: