12/06/2012 11:11
Բակո Սահակյանն հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունիսի 12-ին, Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Իմոն Գիլմորի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:
Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափը, նշելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:
Երկրի ղեկավարը կրկին անգամ հաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ավելացնելով, որ հիմնախնդրի կարգավորման կարեւոր խոչընդոտներից է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ եւ հակահայկական քաղաքականությունը, որը վերջին ժամանակահատվածում ընդունել է խիստ ծայրահեղական կեցվածք եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի:
Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է ԵԱՀԿ գործող նախագահի Արցախ այցելելու եւ տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձիք:Հայտնում են Արցախի նախագահի մամլո ծառայությունից: